Հավելված 1
ՀՀ բնապահպանության և ընդերքի
տեսչական մարմնի ղեկավարի
2019թ. «26» «հունիսի» N 189-Լ հրամանի
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
- Սույն կարգով սահմանվում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի կամ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը։
- Տեսչական մարմնում քաղաքացիների ընդունելությունն իրականացնում է Տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ ղեկավարի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
- Տեսչական մարմնի ղեկավարը քաղաքացիներին ընդունում է յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային ուրբաթ օրը, եթե ընդունելության օրը ոչ աշխատանքային է, ապա ընդունելությունը կատարվում է ամսվա վերջին աշխատանքային օրը։
- Ընդունելության համար քաղաքացիների նախնական գրանցումն իրականացնում է Տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը (այսուհետ՝ Բաժին)` գրանցաթերթում նշելով հերթական համարը, ամսաթիվը, քաղաքացու ազգանունը, անունը, հասցեն, ընդունելության շարժառիթը (հավելված 2, կետ 1, 2, 3)։
- Բաժնի համապատասխան աշխատակիցը նախապես գրանցված քաղաքացուն տեղեկացնում է ընդունելությանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանալու անհրաժեշտության մասին։
- Բաժինն ընդունելության գրանցումը և հաշվառումն իրականացնելուց հետո այն ներկայացնում է Տեսչական մարմնի ղեկավարին։
- Տեսչական մարմնի ղեկավարն իր հայեցողությամբ նշանակում է քաղաքացու հետ հանդիպում անցկացնող պատասխանատու պաշտոնատար անձին կամ քաղաքացուն ընդունում է անձամբ (հավելված 2, կետ 4):
- Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները կամ պատասխանատու պաշտոնատար այլ անձինք քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում են սույն կարգի համաձայն, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։
- Քաղաքացիների ընդունելությունից անմիջապես հետո տվյալ պատասխանատու անձը գրանցաթերթի վրա կատարում է նշում արդյունքի մասին, ստորագրում և վերադարձնում Բաժին՝ արդյունքներն ամփոփելու համար։
- Քաղաքացիների ընդունելության գրանցաթերթերը պահպանվում են Բաժնում։